ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Անհասկանալի խմբավորումներն իրականացնում են անհասկանալի քաղաքականություն»

«Անհասկանալի խմբավորումներն իրականացնում են անհասկանալի քաղաքականություն»
23.05.2013 | 22:01

irates.am-ի հարցերին պատասխանում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ

-Պարոն Սարգսյան, նկատելի են սոցիալական բողոքի նախադրյալներ՝ կարկտահարության վնասների փոխհատուցման, գազի գնի բարձրացման հետ կապված: Դրանք կարո՞ղ են կրել շարունակական բնույթ, եթե նկատի ունենանք, որ քաղաքական ուժերը օտարվել են հասարակությունից, և նրանց ու հասարակության միջև առաջացել է անջրպետ:
-Դա համալիր հարց է: Մեր հարևան երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի փորձը ցույց է տալիս, որ այդ բողոքները կարող են վերածվել լոկալ բունտերի, օրինակ՝ որևէ քաղաքում: Ադրբեջանի երկու քաղաքներում բողոքը վերածվեց կոնկրետ ուժային գործողությունների: Քաղաքական պրոցեսների բացակայությունը կարող է հանգեցնել սոցիալական բունտի: Տասնութ տարի է, ինչ Հայաստանում ձևավորվել է քաղաքական գործունեության ավանդույթ. կուսակցությունները մասնակցում են ընտրությունների՝ նախօրոք հայտարարելով, որ ընտրությունները կեղծվելու են, և իրենք թույլ չեն տա, որ իշխանությունը կեղծի ընտրությունները: Դրանից հետո կատարվում է այն, ինչ կատարվում է: Տեղի է ունենում հետևյալը. մասնակցություն ընտրություններին, բողոքարկում, հիասթափություն: Հայաստանում քաղաքականությունն այս ցիկլն է: Բնական է, որ այս ցիկլը հանգեցնում է տարբեր այլասերումների թե՛ հասարակության մեջ, թե՛ քաղաքական ուժերի: Մենք տեսնում ենք, որ եթե գոյություն չունի ազատ մրցակցություն, ինչի է վերածվում կուսակցական գործունեությունը: Կուսակցությունները փորձում են արդարացնել իրենց գործունեությունը և իրենց տեղը գտնել քաղաքական դաշտում: Նրանք դիմում են ռեժիմի հետ ինչ-ինչ հարաբերությունների կամ էլ միմյանց հետ են գնում այդ հարաբերություններին: Հասարակությունն այդ դեպքում օգտագործվում է որպես ռեսուրս, որպես շանտաժի միջոց՝ ցույց տալու, թե ով է ուժեղ և ով՝ թույլ:
Կուսակցություններն այսօր զբաղված չեն զարգացման ծրագրեր ներկայացնելով, այլ ստեղծում են վերկուսակցական կերպարներ:
-Հասարակությունը հիասթափված է ինչպես իշխանություններից, այնպես էլ՝ ընդդիմադիր ուժերից: Այս պայմաններում Նախախորհրդարանն առաջարկում է կազմակերպել դիմադրության շարժում: Իրատեսակա՞ն եք համարում նրանց ուղերձը հասարակությանը:
-Դիմադրության շարժում ասելով՝ պետք է հասկանալ, թե ինչին ես դիմադրում: Նախ՝ պետք է տեսնել, թե այս տարիների ընթացքում ինչի է վերածվել մեր հասարակությունը: Մի մասը դարձել է ավելի գիտակից, խորքային կերպով է ընկալում իր շուրջը տեղի ունեցող պրոցեսները, մյուս մասը՝ կորցրել է հույսը, որն ինչ-որ տեղ ռացիոնալ է: Այդ հատվածը չի հավատում, որ ընտրությունների միջոցով ինչ-որ բան կարող է փոխել: Մի մասը հեռանում է, մյուսները՝ համակերպվում են գործող համակարգին:
Եթե հստակ բացատրվի, թե ինչին են դիմադրում, և մարդիկ դա կարողանան ընդունել, կարելի է դա անվանել դիմադրության շարժում: Պետք է հստակ սահմանել՝ կա՛մ դու համակերպվում ես, կա՛մ էլ չես ճանաչում այդ իրավիճակը օրինական և փորձում ես փոխել այն:
-Հասարակությունը, սակայն, տարիներ շարունակ տեսել է, թե նույն ընդդիմադիր կոչվող կուսակցություններն ինչպիսի փոխզիջումների են գնում իր հաշվին: Եվ առհասարակ, լղոզված են իշխանամետ և ընդդիմադիր կուսակցությունների սահմանները:
-Օրինակ, կան անհասկանալի խմբավորումներ, որոնք անհասկանալի քաղաքականություն են իրականացնում: «Բարգավաճ Հայաստանն» ասում է՝ ես ո՛չ իշխանություն եմ, ո՛չ ընդդիմություն:
-Իսկ դա չի՞ գալիս այն բանից, որ ընդդիմադիր կոչվող կուսակցությունները հենվում են ոչ թե հասարակության, այլ՝ ներիշխանական տարաձայնությունների, պառակտումների վրա:
-Միանշանակ: Կա քաղաքական ուժ, որը տիրապետում է պետական լծակներին, և կան ուժեր, որոնք զերծ են դրանցից: Եվ պետք է հասկանալ ու հստակ գնահատական տալ այդ ամենին:
Իռլանդիայում, օրինակ, եղել է քաղաքական ուժ, որը խնդիր էր դրել իր առջև՝ վերացնելու օլիգարխիկ համակարգը և հասավ դրան: Եթե ուզում ես վերականգնել ընտրական մեխանիզմները, ապա դրան կարող ես հասնել ժողովրդի համախմբման, համաժողովրդական շարժման և գործող համակարգին քո կամքը պարտադրելու միջոցով: Միայն դրանից հետո կարող է կուսակցական կյանքն ընթանալ նորմալ հունով:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ